«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Նվիրյալները

Նվիրյալները
27.01.2025 | 10:07

Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողներիս համար իսկական հայտնություն էր ուսանող դառնալու առաջին իսկ օրերին հայոց բանահյուսական հարստությանը (ժողովրդական ֆոլկլոր) ծանոթանալը։

Ինչ խոսք, մինչ հայ գրականությանը սերտորեն շաղկապված ժողովրդական ստեղծագործության այդ գանձարանին հաղորդակցվելը, չես կարող լիովին պատկերացում կազմել, թե հայ գրականության ակունքները մինչև ու՞ր են ձգվում, որ հասցրել են այսպիսի գանձարան ստեղծել, որ այսքան հարուստ ու համընդգրկուն է մեր ազգային գրականությունը։

Եվ առաջին կուրսում այդ ակունքներին մեզ ծանոթացնելու եկավ հայ ժողովրդական բանահյուսության անուրանալի գիտակը։

ՆԵԼԼԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ընկեր Հակոբյանի խստապահանջության մասին իր դասավանդած «Հայ ժողովրդական բանայուսություն» առարկայի հիմնական ժանրերի չափորոշիչներով բարձր կուրսեցիներն առասպելներ էին պատմում։ Սկզբում մենք էլ անհանգստացանք, երբ ընկեր Հակոբյանն իր պայծառ, զվարթ, երգեցիկ ձայնով, բայց խիստ տոնով ներկայացրեց մեր ընթերցելիք գրականության «կիլոմետրանոց» ցանկը։ Հետո երբ սկսվեցին դասախոսությունները, հուրախություն մեզ, հասկացանք, որ ասեկոսները ճիշտ չէին, ավելի ճիշտ` առասպելաբանության ժանրից էին։

Պերճախոս դասախոսությունները լ սելով` կրկին համոզվեցինք. ահա թե որտեղից է սկիզբ առնում մեր բազմադարյա գրականությունը, ահա թե որտեղից, ինչ հարուստ գանձարան է հայ ժողովուրդը ժառանգել մեզ հազարամյակներ առաջ։

Աշխույժ էին անցնում ընկեր Հակոբյանի դասերը։ Ասես սպասված երկխոսություն էր, դասախոս-ուսանող երկխոսություն, որին մասնակցում էր Հայաստանի ամբողջ տարածքն ընդգրկող բազմաբարբառ ժողովրդի` աշակերտական նստարանից նոր ելած և համալսարանի բանասիրական ֆակուլտետում ուսանող դառնալու երջանկությամբ համակված մեր կուրսեցիները։

Առաջին իսկ դասախոսություններից իմացանք, որ բանահյուսությունը հարուստ շտեմարան է` դարերի ոգին ու շունչը պահած ժողովրդական շտեմարան-գանձարան, որում արտացոլվել և ամփոփվել են մեր պատմության առավել կարևոր դեպքերը, իմաստնությունը, ձգտումները, իդեալները։

Հայոց առասպելների մասին գիտեինք դպրոցական դասագրքերից` հայոց պատմիչների` Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Սեբեոսի պատմություններից։

Բայց որ հայ բանահյուսության ակունքների «տեսականին» այդքան հարուստ է, բազմաբովանդակ, բազմաժանր, կարծես հստակ չգիտեինք։ Առասպել, ասք, ավանդավեպ, առակ, առած, ասաացվածք, զրույց, հեքիաթ, հանելուկ, վիպերգություն (էպոս), վիպասանք, քնարական` աշխատանքային, սիրո երգեր։

Որոնցից յուրաքանչյուրն ունի բովանդակության, կառուցվածքի, պատկերավորության յուրահատկություն, որոնց մասին այնպե՜ս ոգևորված, հիացմունքով ու այնքա՜ն սիրով էր պատմում ընկեր Հակոբյանը` օրոր-շորոր քայլելով համակ ուշադրություն դարձած մեր լսարանում։

Հետո ավելի մանրամասն պիտի իմանայինք, որ ժողովրդական այդ հարուստ գանձարանից են օգտվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը` նորովի մշակելով թեմաներ ու կերպարներ, որ նրանց ստեղծած բալլադների, հեքիաթների, պոեմների համար հարուստ սկզբնաղբյուր է եղել հենց բանահյուսությունը։

Եվ որ ամենաէականն էր` իմացանք, որ բանահյուսությունը սկզբնավորվել է հայ ժողովրդի ձևավորման և հայոց լեզվի առաջացման հետ, ասել է թե` ճանապարհ է անցել, բյուրեղացման երկար ճանապարհ։

Այդպես յուրաքանչյուր դասախոսություն դառնում էր հայ ժողովրդի զարգացման փուլի մասին յուրօրինակ դասընթաց, մաքառումների խոսուն պատմություն ու դրանց կենտրոնում` «Սասնա ծռեր»-ը։

Մեզ առավել զարմացրեց 19-րդ դարի վերջին գրի առնված «Սասնա ծռեր» էպոսի` ընկեր Հակոբյանի խորագիտակ լինելը, ճյուղերի իմացությունը և որ այն ունի 160 տարբերակ։

Հետո պիտի իմանայինք, որ ընկեր Հակոբյանի ատենախոսությունը և գիտական գործունեությունը նվիրված է հայոց էպոսին։

Դեռ երիտասարդ տարիներին էր շուշեցու արմատներով ընկեր Հակոբյանը կարևորել հայոց պայքարի հիմնասյուն էպոսը։

Եվ մենք էլ` ուրիշ որտե՞ղ, եթե ոչ համալսարանում պիտի իմանայինք պապից ծոռ սերունդ-ճյուղերի (Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Դավիթ, Փոքր Մհեր) մասին պատմող էպոսի և այն դժվարին պայմաններում գրի առնողների մասին ուշագրավ, գուցե նաև թվացյալ չափազանցված պատմությունները։

Իմանայինք, որ այսօր էլ կարևորենք, որ հայրենի երկրի` թշնամի բռնապետությունների դեմ դժվարին պայքարում է գոյատևել մեր ազգը։ Եվ որ այդ կնճիռը մինչ օրս չի հարթվել, ավելին` այն առավել ճակատագրական է այսօր։

Էպոսի բազում պատումների պահպանման գործում անուրանալի է հայոց մեծերի` Գարեգին Սրվանձտյանցի, Մանուկ Աբեղյանի, Արամ Ղանալանյանի, Հովսեփ Օրբելու ավանդը։

Բանասեր, հոգևորական, բանահավաք, ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանցի և նրա գրի առած բանահյուսական հարուստ ժառանգության` ավանդույթների, զրույցների ժողովածուի` «Գրոց-բրոցի» մասին ամենայն մանրամասնությամբ իմացանք հենց բանահյուսության դասախոսությունների ընթացքում։

Իմացանք, որ մեծ է Գարեգին Սրվանձտյանի դերը մասնավորապես «Սասնա ծռերի» պատումների գրառման և պահպանման գործում։

Այս բազմաբովանդակ դասախոսությունները միաժամանակ հայոց բանահավաք մեծերին ճանաչելու ուսանելի դասեր էին։

Չէ՞ որ այդպես են մոռացությունից ու կորստից փրկվել գրական բազմաթիվ նմուշներ։

Այսօր արդեն ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտում պահվող` շուրջ քառասուն տարի հավաքած Նելլի Հակոբյանի հարուստ արխիվը պատմությանը պահ տված նմանը չունեցող սկզբնաղբյուր է, հայրենապաշտությանը նվիրված անկրկնելի սկզբնաղբյուր։

...Առանձնակի աշխուժությամբ էին անցնում հանելուկների, առակների, առածների, ասացվածքների ուսուցման դասախոսությունները, որոնց ընթացքում կարևորվում էին այդ ժանրերի պահպանման գործում հայ միջնադարյան գրականության երևելիների` Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու դերը։

...Այդ ինչպե՞ս է հիշում այս բոլորը, այդ ինչպե՞ս ենք հիշելու, ինչպե՞ս ենք հասցնելու կարդալ, սովորել, քննության պատրաստվել, անհանգստացած հարցնում էինք իրարու։

Հետո ցրվեցին մեր տագնապները, երբ ընկեր Հակոբյանն անցավ քնարական բանահյուսության` մեզ` ապագա բանասերներին հարազատ ու սրտամոտ ժանրերին` հայրեններին, խաղիկներին (սիրո, գեղջկական, պանդխտության...)։

Զարմացավ, երբ իրեն զուգահեռ լսարանի տարբեր շարքերից ցածրաձայն հնչում էին «իր իմացած» խաղիկները։

Ժամանակ անց լսարանն ավելի աշխուժացավ, երբ դեկանատից տեղեկացրին, որ ամառային արձակուրդին, իսկ մինչ այդ` բանահյուսական պրակտիկայի ընթացքում, յուրաքանչյուրս մեր բարբառով (գյումրվա, լոռվա, քյավառի...) պիտի գրի առնեինք օրորոցային երգեր, ռազմի և զինվորի երգեր, շուտասելուկներ, հանելուկներ։

...Ավարտվում էր ուսումնական տարին և անակնկալ. իմացանք, որ բանահյուսական ամառային պրակտիկայի մեր խմբի ղեկավարն ընկեր Հակոբյանն է` ուղղությունը` Տավուշ, Իջևան։

Չգիտեինք, որ այստեղ բացահայտելու էինք մեր խստապահանջ դասախոսի, արցախյան արմատներով տիկնոջ նուրբ ներաշխարհն ու պոետական հոգին։ Պրակտիկայի առաջին օրերին մերձեցման, միմյանց մոտիկից ճանաչելու երեկոներ կազմակերպվեցին հայոց հարուստ գանձարանի պոետական մարգարտաշարի` մեր ասմունքով։

Հաջորդ օրերին կարծես արթնացանք իրարով ավելի հարստացած։ Չգիտեինք, որ մեզ համար բացահայտելու դեռ այնքա՜ն բաներ է պահել ընկեր Հակոբյանը։

Մեր խնդիրը տարածաշրջանի բարբառով ու բանահյուսական ժանրերով նյութեր գրառելն էր։

Դրան զուգահեռ` Տավուշ աշխարհը ճանաչելու ծրագիր էր կազմվել դեկանատում։

Չնայած իր թմբլիկ կառուցվածքին` այդ օրերին այնպես թեթև էր բարձրանում այժմյան Տավուշի` Իջևանի շրջակա թավուտ բնության գրկում դարերի պատմությունն իրենց քարակերտ պատերի ներքո պահած վանքեր ու մատուռներ, բնությամբ այնպե՜ս հիացած։

Մինչ օրս չեմ մոռացել նրա ուշագրավ պատմությունները` Աղստևի վտակ Գետիկ գետի աջ ափին 12-րդ դարում Մխիթար Գոշի հիմնադրած` հայոց իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ կառուցված կրթական, կրոնական, և մշակութային վանական համալիրի` Գոշավանքի (Նոր Գետիկ վանք), 10-13-րդ դարերում կառուցված Հաղարծինի վանական համալիրի, Աչաջուր գյուղի մոտ կառուցված Մակարավանքի վանական համալիրի, Տավուշի բերդի մասին։

Դե, բնական էր, այլ կերպ չէր կարող. չէ՞որ նա նվիրյալ դուստրն ու ջատագովն էր պատմական հուշարձաններով հարուստ Արցախ աշխարհի և քաջ գիտեր այդ հուշարձանների խաղացած դերի մասին իր ժողովրդի ճակատագրում և գոյատևման գործում։

Սա էլ յուրօրինակ դասընթաց էր ոչ միայն տարածաշրջանը ճանաչելու, այլև համոզվելու, որ մեր բոլոր դասախոսները բազմագիտակ էին, ինչպես ընկեր Հակոբյանը` իր ձեռքի թեթև, հմայիչ շարժումով, օրոր-շորոր քայլվածքով սիրուն ժպիտով։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3669

Մեկնաբանություններ